Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ստոմատոլոգիա

Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են

Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են

Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է:

 

Բերանի խոռոչի անձնական հիգիենայի ցածր մակարդակի պատճառով մանրէների թիվը շատ կարճ ժամանակահատվածում ավելանում է միլիոնավոր անգամներ` պատճառ դառնալով կարիեսի, պարօնդոնտի` լնդերի հիվանդության, լորձաթաղանթի բորբոքման և այլ հիվանդությունների: 

 

Ասում են գեղեցիկ և առողջ ատամները մարդու առողջության գրավականն են: Ինչպես պահպանել մեր ատամնաշարի առողջությունն ու գեղեցկությունը, կանխարգելել բերանի խոռոչի շատ հիվանդություններ, այս և նման հարցերին խնդրեցինք պատասխանել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հանրային ֆակուլտետի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Գայանե Սմբատի Բաբաջանյանին:

 

-Այո, առողջ ատամներն առողջության ցուցանիշ են: Իսկ թե ինչպես են առաջանում բերանի խոռոչի տարբեր հիվանդությունները, բոլորս էլ գիտենք, դրանք անձնական հիգիենայի բացակայության կամ անբավարար պահպանման հետևանք են: Ինչ է կարիեսը, իհարկե, շատերին դա բացատրել պետք չէ, ինչպես ասում են, շատերս մեր փորձով գիտենք, իսկ լնդերի հիվանդություններով, ըստ ԱՀԿ-ի տվյալների, տառապում է մարդկության 80 %-ը: Մինչդեռ բերանի խոռոչի ճիշտ խնամքը շատ դեպքերում կանխում է և′ կարիեսը, և′ լորձաթաղանթի բորբոքումը, և′ լնդերի հիվանդությունները: Սրանք քաղաքակրթության հիվանդություններ են, որոնք տարեց-տարի մեծ տարածվածություն են ստանում, այդ են վկայում նաև համաճարակաբանական հետազոտությունները: Դա հիմնականում կապված է սննդի, իմունիտետի և շատ այլ գործոնների հետ: Դեռ մանկուց երեխաներին տալիս ենք փափուկ սնունդ, շիլաներ, խյուսեր, մինչդեռ հարկ է մանկական տարիքից զարգացնել ատամների հենային ապարատը: Մենք ինքներս էլ խուսափում ենք ծամելուց, ուտում ենք թարմ հաց, թխվածք: Բժշկության մեջ առկա է այսպիսի դրույթ, այն օրգանը, որը չի գործում, հետ է աճում, այսպես կոչված, ատրոֆիայի է ենթարկվում անգործությունից: Իսկ քանի որ ժամանակակից մարդը քիչ է ծամում, մեր ատամները զրկվում է նորմալ ֆիզիոլոգիական ծամողական ծանրաբեռնվածությունից, այն ծանրաբեռնվածությունից, որը նախատեսված է մեր ատամների համար բնության կողմից: Մարդու ատամներն ունեն պահեստային լայն հնարավորություններ: Հիշենք Գինեսի ռեկորդակիրներին, ովքեր ատամներով քաշում են ավտոմեքենաներ, գնացքներ, հիշենք կրկեսի ակրոբատներին, ովքեր ատամներով իրար պահելով նույնիսկ օդում կատարում են բարդ վարժություններ: Բայց նորից եմ կրկնում, սննդի խոհանոցային ժամանակակից մշակումը զրկում է մեր ատամները ծանրաբեռնվածությունից, այն նորմալ ֆիզիոլոգիական ծանրաբեռնվածությունից, որը նախատեսված է բնության կողմից: Եվ, փաստորեն, ստացվում է, որ ատամը չի օգտագործվում, այն կարծես դառնում է օտար մարմին օրգանիզմի համար և օրգանիզմը, որպես օտար մարմին, դուրս է հանում: Սա է պատճառը, որ լնդերի հիվանդության ժամանակ առողջ ատամներն սկսում են շարժվել և թափվել, քանի որ ատամը չի օգտագործվում լիարժեք և, որպես օտար մարմին, անտիգեն, դուրս է մղվում, իսկ այն օջախում, որտեղից ատամն ընկել է կամ հեռացվել է, այլևս լնդային հիվանդություններ չեն լինում: 

 

-Պարօդոնտոզը ոչ վաղուց անցյալում հնչում էր որպես դատավճիռ: Հիվանդություն, որը համարվում էր անբուժելի: Ինչպիսի՞ն է վիճակը ներկայումս:

 

-Պարօդոնտոզի պատճառով լնդերն արյունահոսում են, արտաքնապես առողջ ատամները շարժվում են և ընկնում, ցավում  սնունդը ծամելիս, բերանի համն է փոխվում: Այնուամենայնիվ, պարօդոնտոտը բուժելի է, չնայած հիվանդությունը քրոնիկական բնույթ ունի և երբեմն պահանջում է երկարատև, լուրջ բուժում: Շատ կարևոր է ճիշտ ախտորոշումը և ժամանակին սկսված բուժումը: Այսօր ժամանակակից բուժական եղանակներով հնարավոր է կայունացնել գործընթացը: 

 

Ատամների և լնդերի հիվանդության գործում մեծ նշանակություն ունի բերանի խոռոչի հիգիենայի պահպանումը: Օրգանիզմը մի ամբողջական միասնություն է, եթե ծամելու պրոցեսը խանգարվում է, առաջանում են նաև ներքին օրգանների, հատկապես, ստամոքսաաղիքային հիվանդություններ: Չեն լինում տեղային փոփոխություններ առանց ընդհանուրի և հակառակը: Մի հատկանշական երևույթ: Լեզուն ասում են ստամոքսի հայելին է և ոչ միայն ստամոքսի, այլև ամբողջ օրգանիզմի: Եթե հիշում եք հին սերնդի բժիշկները հիվանդի զննումն սկսում էին լեզվից: Անկախ նրանից երեխան ինչով է հիվանդ, մանկաբույժն առաջին հերթին ասում էր` լեզուդ ցույց տուր և դա ինքնանպատակ չէր: Ներկայումս հարկլինիկական այնքան հետազոտություններ կան, որ լեզվի մասին մոռացել ենք: 

 

-Բայց ասում են չէ` ամեն մի նորը լավ մոռացված հինն է:

 

-Ասում են նաև, հանճարեղը դա պարզն է: 

 

-Ներկայումս բավական հետաքրքրական տեսություններ են ի հայտ գալիս, հատկապես եվրոպացի գիտնականների հետազոտությունների արդյունքներում: Օրինակ, շվեդ գիտնականների երկարատև հետազոտությունների տվյալներով, իբր, հաստատվել է, որ ատամի հեռացմամբ թուլանում է նաև հիշողությունը, քանի որ ատամի հեռացված նյարդը կապված է գլխուղեղի այն հատվածի հետ, որը պատասխանատու է հիշողության համար: Նման կապի մասին նախկինում ոչ ոք չէր կասկածում: Որքանո՞վ է դա իրական:

 

-Իսկ ինչ կասեք այն տաղանդավոր շատ գիտնականների մասին, ովքեր կրում են պրոթեզ, բայց իրենց հայտնագործությունների համար արժանանում են Նոբելյան մրցանակների: 

 

-Սպիտակ ատամները շատերիս նախանձն են շարժում: Այժմ սպիտակեցնող այդ նոր մեթոդն ամրացնում է ատամները և կանխարգելում կարիեսը…

 

-Նշեցինք, որ նորը` լավ մոռացված հինն է: Մինչ օրս գործում են ժողովրդական շատ միջոցներ, ինչպես, օրինակ, սոդան, մոխիրը, ջրածնի պերօքսիդը, կիտրոնի կեղևը կամ հյութը, կեչու մոխիրն աղի հետ քսում են ատամներին: Ատամների սպիտակեցման ժամանակակից մեթոդներ են` գերձայնային և լազերային եղանակները: Իսկ որպես կարիեսի կանխարգելիչ միջոց օգտագործվում է ֆտոր քսուքը, որն ատամը ծածկում է  ֆտորե թաղանթով և ստեղծում պաշտպանիչ շերտ: Հայտնի է, որ ֆտորը հակակարիեսային տարր է և կանխարգելիչ նշանակություն ունի:

 

-Դեռևս 1917թ. Էյնշտեյնի կողմից ստեղծվեց լազերային տեսությունը, սակայն միայն կես դար անց կարողացան կիրառել նրա գաղափարները գործնականում: Մեզ մոտ Հայաստանում կիրառվո՞ւմ է ատամների լազերայի բուժում:

 

-Լազերի օգտագործումը ստոմատոլոգիայի ոլորտում առաջին անգամ մշակվել է 1960թ., իսկ 80-ական թվականների սկզբին փափուկ ու կոշտ հյուսվածքների վրա ազդելու նպատակով սկսեցին կիրառել լազերը: Լազերը բուժում է ատամներն առանց կորստի, արագ, անաղմուկ, անարյուն և անցավ: Բացի այդ, լազերային բուժումը դրական է ազդում լնդերի և ատամի էմալի վրա և առողջացնում է դրանք: Ստոմատոլոգիայում լազերային բուժումը կիրառվում է ատամների հիվանդությունների (պուլպիտ, պերիօդոնտիտ), բորբոքումների (ալվեոլիտ, պերիոստիտ, աբսցեսներ), ծնոտի կոտրվածքների, եռվորյակ նյարդի նևրալգիայի, բերանի լորձաթաղանթի, շուրթերի նախաուռուցքային հիվանդության, լնդերի հիվանդությունների ժամանակ: 

 

-Մենք կարո՞ղ ենք ասել, որ հաղթահարել ենք կարիեսի և բերանի խոռոչի այլ հիվանդությունները:

 

-Ցավոք սրտի, այսօրվա վիճակով կարիեսը հաղթահարված չէ, դրա բուժումն ատամի անատոմիական ձևի վերականգնումն է լիցքի օգնությամբ: Հարցը կլուծվի ավելի շուտ հստակ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ: Կարիեսի կանխարգելման գործում մեծ նշանակություն ունի խմելու ջրի ֆտորացումը, որի համար պահանջվում է պետական մոտեցում:

 

- Ինչո՞վ բացատրել, որ բավական մեծացել է հետաքրքրությունը ստոմատոլոգիայի մասնագիտության նկատմամբ:

 

-Բացի պետական բժշկական համալսարանից, բազմաթիվ են ոչ պետական բուհերը, որոնց շրջանավարտներն ինքնուրույն աշխատելու համար հարկ է, որ 1,5 տարվա կլինիկական օրդինատուրան ավարտեն ընտանեկան ստոմատոլոգիայի մասնագիտությամբ: Ի դեպ, հարկ է նշել, որ մեր ինստիտուտի տնօրինությունը վերջին տասը տարիների ընթացքում տվել է նրանց այդ հնարավորությունը` լիարժեք մասնագետ դառնալու համար: 

 

Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնն ուսումնական կրթական բազա է և առաջին ամբիոններից մեկն է. այն հիմնվել է1974 թվականին: Ամբիոնի առաջին վարիչը Էդուարդ Գուլունյանն էր, ով, միաժամանակ, դեռևս 1973թ. Նոր Նորքում բացված Հանրապետական ստոմատոլոգիական կենտրոնի գլխավոր բժիշկն էր: Այդտեղ էլ հիմնվեց Բժիշկների կատարելագործման ինստիտուտի ստոմատոլոգիայի ամբիոնի բազան:  

 

Ինքս բժշկական ինստիտուտ ընդունվել եմ 1966-ին, երբ  ստոմատոլոգիական ֆակուլտետը տվել էր իր առաջին շրջանավարտներին: Մինչ այդ ոլորտում«տեր ու տնօրեն» էին ատամնաբույժները, ովքեր ավարտել էին բժշկական ուսումնարաններ: Նրանց արևմուտքում«դանտիստ» են ասում, նրանք նեղ և հիանալի մասնագետներ են: 

 

Հատկանշական է, որ ատամնաբույժներն առաջինը կիրառեցին և′ նարկոզը, և′ փոխպատվաստումը, և′ հորինեցին պրոթեզներ և այլն:

 

Ստոմատոլոգիական ֆակուլտետի բացվելով, ունեցանք լայն պրոֆիլի բժիշկ-ստոմատոլոգներ, ովքեր այսօր աշխատում են և’ թերապևտ, և′ վիրաբույժ,

և′պրոթեզիստ: Սակայն նրանք ևս  5 տարին մեկ պետք է վերապատրաստվեն:

 

-Դուք միանգամի՞ց սկսեցիք աշխատել ամբիոնում:

 

-Բնականաբար, ոչ: Ավարտելով ինստիտուտը, ինձ գործուղեցին Դիլիջան: Երբ բացվեց Հանրապետական ստոմատոլոգիական կենտրոնը, առաջին իսկ տարուց սկսեցի աշխատել այնտեղ որպես բժիշկ ստոմատոլոգ: Մեկ տարի անց, ամբիոնի ստեղծման առաջին իսկ օրից տեղափոխվեցի ամբիոն որպես ասիստենտ: Վերապատրաստվեել եմ Լենինգրադում և մինչև օրս աշխատում եմ ինստիտուտում: Այստեղ ես հնարավորություն ունեցա ընդունվել և ավարտել նպատակային ասպիրանտուրան Մոսկվայում` Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում, 1984թ. պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունը թերապևտիկ ստոմատոլոգիայի գծով: 1990 թվականից ամբիոնի դոցենտն եմ, 2000թ.` ամբիոնի վարիչ: 

 

-Առողջ ատամներ ունենալու համար ինչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

 

-Պահպանել բերանի խոռոչի հիգիենան, հնարավորություն տալ ծամողական ապարատին գործել լիարժեք, վիտամիններով սնուցել լնդերը: Բայց ամեն դեպքում առաջնայինը կանխարգելումն է: 

 

-Աշխատանքից հետո ինչո՞վ եք գերադասում զբաղվել:

 

-Սիրում եմ երաժշտություն լսել, կարդում եմ, հիմնականում մասնագիտական գրականություն: Աշխատանքից հետո գերադասում եմ մի քանի կանգառ քայլել: 

 

՞նչ կցանկանաք մեր ընթերցողներին:

 

-Մենք ապրում ենք ծանր ժամանակաշրջանում: Հատկապես տարեցները դժվարարությամբ են համակերպվում համակարգային փոփոխություններին, շատ են սթրեսները: Ես կցանկանայի, որ մեր ժողովուրդը լինի առողջ և′ ֆիզիկապես, և′ հոգեպես: Երիտասարդ մասնագետներին խորհուրդ կտայի ոչ միայն կատարելագործվել որպես մասնագետ, այլև կայանալ որպես անձնավորություն, պացիենտների նկատմամբ լինել մարդկային` անկախ տարիքից և սեռից, լինել բժշկի կոչմանը հավատարիմ: Եվ ամենակարևորը` մեր ժողովրդին լավատեսություն, իսկ երկրին` խաղաղություն:

 

-Մեր զրույցը լավ առիթ է նաև շնորհավորել Ձեզ, ինչպես ընդունված է, կանանց միամսյակի կապակցությամբ և ցանկանալ գիտամանկավարժական նորանոր բարձունքներ, Ձեր բոլոր նպատակների իրականացում:

Հեղինակ. Աիդա Հովնանյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 11 (549) 26.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ